Շուշան Հակոբյան
«Իրոհա» կենտրոնի անդամ
Ճապոնիայում Ամանորը ամենասպասված և սիրելի տոներից մեկն է: Նախկինում այն նշում էին չինական լուսնային օրացույցի համաձայն գարնան սկզբին, սակայն 1873 թ. սկսած ճապոնացիներն անցում են կատարում բոլորի կողմից ընդունված Գրիգորյան օրացույցին` Ամանորը նշելով հունվարի 1-ին:
Ճապոնիայում դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 4-ը հանգստյան օրեր են համարվում բոլորի համար: Նախատոնական օրերին ճապոնական քաղաքների փողոցներում բացված ամանորյա շուկաներում վաճառվում է գրեթե ամեն ինչ` հուշանվերներ, թալիսմաններ, ամենատարբեր ծիսական պարագաներ և այլն:
Տոնական զարդարանքի յուրօրինակ մասն է կազմում կադոմացուն (門松, «շքամուտքի սոճի»), որը պատրաստում են ծղոտե պարաններով միմյանց կապված սոճուց և բամբուկից, զարդարում մանդարինով, ջրիմուռներով, այլ պարագաներով և դնում դրսում` դռան առջև` ողջունելու համար Նոր Տարվա աստվածություն Տոշիգամիին (年神):
Ամանորի գալուստը Ճամոնիայում ազդարարում են բուդդիստական տաճարներում հնչող 108 զանգերը: Ավանդության համաձայն զանգերից յուրաքանչյուրի հետ անհետանում է նաև նախորդ տարվա ընթացքում հավաքված 108 մեղքերը:
Ճապոնական Նոր Տարին շատ հետաքրքիր կերպով անցկացրեցինք նաև «Իրոհա» կենտրոնում, որը հնարավորություն ընձեռեց մեզ ավելի մոտիկից ծանոթանալ ճապոնական յուրօրինակ ու բազմազան ամանորյա ավանդույթներին: Միջոցառումը սկսեցինք Ճապոնիայում Ամանորի անբաժանելի մասը համարվող մոչիի (餅) պատրաստման արարողությամբ, որն անվանում են Մոչիցուկի (餅つき): Մոչին ծեծված բրնձից պատրաստված ճապոնական բլիթ է: Սովորաբար Մոչիցուկիին մասնակցում են երկու հոգի, որոնցից մեկը փայտե մուրճով (杵,«կինե») ծեծում է փայտե ավանդական տարայի (臼,«ուսու») մեջ լցված բրինձը, իսկ մյուսը` թրջում և խառնում այն: Ընդ որում սա պետք է արվի խիստ որոշակի ռիթմով` հնարավոր վնասվածքներից խուսափելու համար: Մենք արարողությանը մասնակցեցինք կենտրոնի բոլոր անդամներով և միասնական ջանքերով ծեծեցինք մոչին, որից հետո էլ նրանից փոքրիկ բլիթներ պատրաստեցինք:
Այնուհետև սկսվեց «Ճապոնական Նոր Տարվա» վերաբերյալ վիկտորինան, որի ժամանակ ներկաները պետք է պատասխանեին Ամանորի մասին տրվող զանազան հարցերի: Վիկտորինայից իմացանք, որ մոչին (կագամի-մոչի) նվիրաբերվում է Տարվա Աստծուն և համարվում է, որ Նոր Տարուն մոչի ուտելը մեծ հաջողություն է բերում: Մեծ ակտիվություն ցուցաբերած և թվով ամենաշատ հարցերի պատասախանած մասնակիցները ստացան մրցանակներ:
Մենք համտեսեցինք նաև մոչիից պատրաստված երկու ամանորյա կերակրատեսակ: Նրանցից առաջինը` Կինակոմոչին (きなこ餅), որն իրենից ներկայացնում է սոյայի բոված ալյուրով պատված մոչի, շատ արտասովոր համ ուներ: Իսկ մյուսը` Օ-ձոնին (お雑煮), մոչիից, տարբեր բանջարեղեններից և այլ բաղադրիչներից պատրաստված ապուր էր: Ինձ հատկապես դուր եկավ Օ-ձոնին:
Մեր միջոցառման ամենազվարճալի մասը կազմեցին ամանորյա խաղերը` Ֆուկուվարայը (福笑い) և Նինինբաորին (二人羽織り): Ճապոնացիները հավատում են, որ որքան շատ ծիծաղես տարվա սկզբին, այնքան հաջող տարի կլինի: Ուստի, ամանորյա խաղերը իրոք շատ զվարճալի են: Առաջին խաղի կանոնների համաձայն մենք փակ աչքերով փորձում էինք թղթին նկարված դատարկ դեմքի վրա ճիշտ կերպով դասավորել դեմքի տարբեր հատվածներով պատկերները: Խաղի վերջում ստացված արդյունքները իսկապես զվարճալի էին: Իսկ Նինինբաորին մի քանի փուլով անցկացրեցինք, որոնցից յուրաքանչյուրին մասնակցեցին երկու հոգի: Հագնելով նույն հագուստը և հանդես գալով որպես մեկ մարդ` առջևում նստած մասնակիցը համարվում է «դեմք»-ը, իսկ ետևում նստածը` «ձեռքերը», ով պետք է կերակրի կամ դիմահարդարի դիմացինին` առանց որևէ բան տեսնելու: Իհարկե խաղը բավականին դժվար էր, բայց միևնույն ժամանակ շատ տպավորիչ :
Իսկ վերջում փոքրիկ վիճակահանության արդյունքում մեզ բաժին հասան թվեր, որոնց համապատասխան ստացանք Օմիկուջիներ (おみくじ)` ճապոնական ավանդական գուշակությամբ թերթիկներ: Օմիկուջին այսօր էլ լայն տարածում ունի ճապոնացիների շրջանում, ովքեր բազմաթիվ սինտոյական և բուդդիստական տաճարներում կարող են փորձել իրենց «բախտը», որը հիմնականում ներկայացված է լինում 12 մակարդակներով` «շատ լավ բախտ»-ից (大吉,«դաի կիչի») մինչև «մեծ դժբախտություն» (大凶,«դաի կյո»): Սակայն Օմիկուջին ունի մի հետաքրքիր առանձնահատկություն. այն ոչ միայն գուշակում է «բախտավորության աստիճանը», այլ նաև ներառում է խորհուրդներ կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ` դժվարություններից խուսափելու կամ հաջողության հասնելու համար:
Ամեն ինչ այնքան վառ ու հետաքրքիր էր, որ նույնիսկ միջոցառման ավարտից հետո չէինք ցանկանում հեռանալ: Ես շատ ուրախ եմ, որ բոլորի հետ միասին ևս մեկ քայլ մոտեցա ճապոնական ուրույն մշակույթին և համոզված եմ, որ այս ավանդույթը կշարունակվի նաև հետագայում: