Փերի Սողոմոնյան
«Իրոհա» կենտրոնի անդամ
Կակիձոմե (書き初め, «առաջին գիր») ՝ Նոր Տարուն գրվող առաջին հիերոգլիֆն է: Այն գրվում է վայելչագրության (կալիգրաֆիա) համար նախատեսված հատուկ թղթի, կամ «վաշի» կոչվող ճապոնական ավանդական թղթի վրա՝ վրձնով: Ի սկզբանե այս սովորույթը ծագել է կայսերական պալատում և տարածվել է ժողովրդի մեջ Էդո դարաշրջանում (1603-1868թթ): Նախկինում թղթի վրա ոտանավորներ էին գրվում, իսկ մեր ժամանակներում ճապոնացիները գրում են այնպիսի հիերոգլիֆներ, որոնք իմաստով կապված են «երջանկության» հետ, ինչպիսիք են՝ գարուն (春), երկարակեցություն (長寿), հավերժական երիտասարդություն (永遠の若さ) և այլն:
Մենք ևս Իրոհա կենտրոնում այս տարի հնարավորություն ունեցանք գրել մեր առաջին Կակիձոմեն՝ Սյու սենսեյի հիերոգլիֆների դասի ժամանակ: Առաջին հայացքից թվում էր թե հեշտ է գրել , բայց երբ վրձինը հայտնվում է քո ձեռքում, հասկանում ես, որ դա իրականում գրելու մեծ արվեստ է: Ամեն մեկս ընտրեցինք մեր սիրած հիերոգլիֆը և փորձեցինք այն գրել թղթի վրա: Ես ընտրեցի տուն (家) հիերոգլիֆը: Չնայած, որ այս հիերոգլիֆը գրելը բավականին դժվար է, ես այն շատ եմ սիրում իր մեջ ունեցող իմաստի համար: Բացի նրանից, որ այս հիերոգլիֆով կարելի է կազմել բառեր և արտահայտություններ, ինչպիսիք են՝ ընտանիք (家族), տան տիկին (家内), սերնդից սերունդ փոխանցվող ընտանեկան սովորույթ (家伝), պետություն (国家), այն ընդգրկված է նաև այնպիսի հիերոգլիֆների մեջ, որոնք նշանակում են՝ վաստակել (稼), որտեղ իրար են միացել «բրինձ» և «տուն» հիերոգլիֆները, կամ հարսնացու (嫁), որտեղ առկա են «կին» և «տուն» հիերոգլիֆները: Իմ խմբի ընկերները ընտրել էին 薬= «խոտ» և «մեղմել» հիերոգլիֆների միացություն, որը նշանակում է «դեղ», 親 = ծնող և皇帝= կայսր հիերոգլիֆները: Բացի հիրոգլիֆից ներքևում կատականայով գրեցինք նաև մեր անունները: Հիերոգլիֆները ճապոներեն լեզվի անբաժանելի մասն են կազմում և շատ հետաքրքիր են, երբ ծանոթանում ես նրանց գաղտնիքներին, ծագումնաբանությանն ու խորհրդանշությանը: