Զարինե Հովակիմյան
«Իրոհա» կենտրոնի անդամ

Վերջերս «Իրոհա» կենտրոնը նորից մարդաշատ էր: Այս անգամ կենտրոնում նշում էինք ճապոնական ավանդական տոներից մեկը՝ Սեցուբունը: Անկեղծ ասած ես առաջին անգամ էի լսում և մասնկացում այդ տոնին ու ասեմ, որ շատ տպավորված եմ: Ճապոնիան և ճապոնացիները չեն դադարում ամեն անգամ ինձ զարմացնել իրենց յուրահատուկ մտքերով և լուծումներով:

Միջոցառման սկզբում մեր ուսուցիչները մեզ բացատրեցին ինչ է Սեցուբունը և ինչպես են այն նշվում: Այնուհետև ցուցադրեցին նկարներ և տեսանյութեր, թե ինչպես են տոնում Սեցուբունը ճապոնացիները:

2015-02-22 13-51-20_cb 2015-02-22 13-50-35_cb

Այդ ամենից հետո սկսվեց «տոնը»: Ինքներս մեր ձեռքով սովորեցինք պատրաստել Էհոու-մակի: Մի փոքր բարդ էր, երևի այն պատճառով, որ առաջին անգամն էր, բայց կարծում եմ բոլորիս մոտ շատ լավ ստացվեց:

2015-02-22 14-18-51_cb 2015-02-22 14-37-28_cb

2015-02-22 14-50-12_cb 2015-02-22 15-06-16_cb

Պատրաստելուց հետո, իհարկե, այն կերանք: Նաև կերանք ավանդույթի մաս կազմող մեր տարիքի քանակով և մեկ հատ ավել գետնանուշ:

2015-02-22 15-30-03_cb 2015-02-22 15-31-02_cb

Հետո ըստ սովորույթի վռնդեցինք «չարքերին»: Թերևս դա ինձ համար ամենահետաքրքիր և զվարճալի պահն էր: Մեր երկու ճապոնացի ընկերները հագել էին «օնիի» (չարք) դիմակներ և «ներխուժել» էին մեր կենտրոն: Իսկ մենք, իհարկե, նրանց վռնդեցինք՝ նրանց վրա նետելով ընդեղեն: Հուսամ դա ցավոտ չէր:
Իսկ հիմա պատմեմ թե ինչ է Սեցուբունը, որպեսզի դուք էլ պատկերացում կազմեք այդ տոնի մասին:
Այս տոնը նշվում է փետրվարի 3-ին: Սեցուբուն (節分) բառը թարգմանաբար նշանակում է եղանակների բաժանում: Այն տոնվում է ամեն եղանակի վերջին օրը, բայց սովորաբար այն կապում են գարնան գալստի հետ: Ըստ լուսնային օրացույցի նախկինում այդ օրը համարվել է Նոր տարվա նախօրե: Դրա հաջորդ օրը, այսինքն գարնան և տարվա առաջին օրը, կոչվում է Րիսսյուն (立春):

Սեցուբունի ժամանակ կատարվում են մի շարք արարողություններ:

Դրանցից մեկը Մամեմակին է (豆撒き= բառացի՝ լոբի շաղ տալ ), որի ժամանակ տան ավագ տղամարդը կամ հայրը հագնում է «օնիի»(鬼=չարք), այսինքն չարքի դիմակ, իսկ տան անդամները բոված լոբի (ավելի հաճախ սոյա) են նետում նրա վրա և ասում.« 鬼は外! 福は内 » (օնի վա սոտո,ֆուկու վա ուչի), այսինքն «չարք դուրս գնա,հաջողություն տուն արի»:
Ըստ ավանդության այդ լոբին (ընդեղենը) մաքրում է տունը չարքերից, որոնք իրենց հետ բերում են անհաջոթյուններ և հիվանդություններ: Այնուհետև մարդիկ իրենց տարիքի քանակով և մեկ հատ ավել ուտում են այդ լոբիներից հավատալով, որ եկող տարին առողջ և դժբախտություններից զերծ տարի կլինի:
Սեցուբունը նշվում է նաև տաճարներում, որին մասնակցում են հայտնի մարդիկ և Սումոյի ըմբիշները: Նրանք կանգնում են բարձր տեղ և հավաքված մարդկանց վրա են ցփնում լոբին, իսկ մարդիկ փորձում են բռնել դրանք:
Եվս մեկ Սեցուբունի սովորույթ: Ճապոնացիները այդ օրը պատրաստում են Էհոու-մակի (恵方巻) կոչվող մակիձուշի(սուշիի տեսակ): Այն ուտում են լուռ՝ դեմքով դեպի «հաջողության ուղղությունը»: «Էհոու» նշանակում է «հաջողության ուղղություն» և դա այն ուղղությունն է, որտեղ գտնվում է տվյալ տարվա Տոշիգամին՝ Տարվա Աստվածը: «Էհոու-մակի» ուտելու ավանդույթը սկիզբ է առել Օսակա քաղաքում, սակայն հետագայում լայն տարածում է ստացել և հիմա համարվում է Սեցուբուն տոնի անբաժանելի մասը: Ի դեպ, 2015 թ-ի «հաջողության ուղղությունը» արևմուտք-հարավ-արևմուտքն է:

Մեր առաջին Սեցուբունը շատ լավ անցավ և բոլորս ուրախ ու բարձր տրամադրությամբ վերադարձանք տուն: Եվ, որ ամենակարևորն է, նոր գիտելիքներ ձեռք բերեցինք և պատկերացում կազմեցինք այս յուրօրինակ, հետաքրքիր և զվարճալի տոնի մասին:

Սեցուբուն «Իրոհա» կենտրոնում