Շահվերդյան Դիանա
«ԻՐՈՀԱ»կենտրոնի անդամ
Հանամի նշանակում է ծաղիկներով հիանալ: Ճապոնիայում շատ են սակուրայի (վայրի բալենի) ծառերը, որոնց ծաղկման ժամանակ ճապոնացիները սովորաբար ընտանիքով կամ ընկերների հետ միասին այդ ծառերի տակ փոքրիկ խնջույքներ են անում: Այս ավանդույթը եկել է դեռ հին ժամանակներից և պահպանվել մինչ մեր օրերը: «Իրոհա» կենտրոնի անդամները նույնպես նշում են այս տոնը:
Ծաղիկների ծաղկման շրջանում՝ Հանամի անելու նպատակով, մենք գնացինք Արմավիրի մարզի Գետաշեն գյուղ: Մեզ հետ էին եկել նաև մեր կենտրոնի ճապոնացի ընկերները: Մինչ Գետաշեն հասնելը այցելեցինք Սարդարապատ հուշահամալիր: Մեր ճապոնացի ընկերները, ի դեպ և ես, առաջին անգամ էինք Սարդրապատում և շատ տպավորված էինք: Հասնելով Գետաշեն նախ այցելեցինք մեր ընկերուհու՝ Իրոհա կենտրոնի անդամներից մեկի տատիկին, ով աճեցնում է շատ գեղեցիկ կակաչներ: Նա մեզ հյուրասիրեց իր ձեռքով պատրաստած հայկական ավանդական քաղցրավենիքներ և հյութ: Ապա գնացինք տեղական դպրոց, որն ինձ իրոք զարմացրեց: Այն վերջերս վերակառուցվել էր: Այս դպրոցում ամեն տեսակի խմբակներ կային: Աշակերտներից ոմանք այստեղ էին և մենք կարողացանք նրանց հետ շփվել և հիացած էինք նրանց տաղանդով:
Մեզ հյուրընկալած դպրոցին ծանոթանալուց հետո սկսվեց ծրագրի ամենակարևոր մասը՝ Հանամին: Մեր ճապոնուհի ընկերուհին հյուրասիրեց «դանգո» կոչվող ճապոնական քաղցրավենիք, որը ես շատ սիրեցի և իմացա, որ «դանգոն» Հանամիի ամենակարևոր հյուրասիրություններից մեկն է: Նույնիսկ կա ասացվածք՝ «հանա յորի դանգո», որը նշանակում է «դանգոն ավելի նախընտրելի է, քան ծաղիկը», կամ «Հանամիի մասնակիցները ավելի տարված են դանգոյով, քան ծաղիկներով»: Այո, Հանամիի կարևոր մասը կազմում է համեղ ուտելիքը, և սա ևս մեկ առիթ է հանդիպել ընկերներին, բարեկամներին և հաճելի ժամանակ անցկացնել բնության գրկում:
Բացի համեղ ուտեստներից մեր Հանամին ուղեկցվեց երգերով, խաղերով և շատ զվարճալի ու հետաքրքիր անցավ:
Ուզում եմ մի քիչ էլ գրել իմ Ճապոնիայի հանդեպ սիրո պատճառի մասին:
Ճապոներենի և Ճապոնիայի հանդեպ իմ սերը եկել է «անիմեներից»(ճապոնական մուլտֆիլմերից): Ինձ ամենաշատը գրավեց կերպարների տարբեր ձայներն ու լեզվի հնչողությունը: Իմ առաջին անիմեն “Mermaid melody”ն է: Եթե ձեզ հետաքրքրեց, փորձեք նայել և հուսով եմ դուք կհասկանաք իմ զգացմունքները: Ի դեպ, «անիմեների» մասին ես կգրեմ իմ հաջորդ հոդվածում:
Հուսով եմ դուք էլ կցանկանաք ավելին իմանալ այս հետաքրքրություններով լի երկրի մասին: