Անի Ռոստոմյան
«Իրոհա» կենտրոնի անդամ
Ճապոնիան յուրօրինակ մշակույթով, կենցաղով, ավանդույթներով և նույնիսկ յուրօրինակ մարդկանց երկիր է: Ծագող արևի երկրում շատ զարմանահրաշ ավանդույթներ, գեղեցիկ և ինքնաոճ քաղաքներ կան: Ես մանկուց սիրում էի նայել Ճապոնական անիմացիոն ֆիլմեր, նրանց կանանց և աղջիկների տարազներն ու սանրվածքները գերում էին ինձ: Ժամանակի ընթացքում ես անընդհատ առնչվում էի ճապոնական տեխնիկայի, ավտոմեքենաների, սպասքի և ուտեստների հետ և միշտ լսում էի նույն գովասանքի խոսքերը, թե դրանք լավագույնն են:
Մի անգամ մի գեղեցիկ նկար տեսա ամսագրում, որտեղ Ճապոնական գարուն էր պատկերված՝ բալենիների այգում: Այդ պատկերն այնքան տպավորվեց իմ մեջ, որ հենց հաջորդ օրվանից ես ինձ համար որոշեցի, որ պետք է սովորեմ այդ անսովոր ու հետաքրքիր երկրի լեզուն և անպայման պետք է ճամփորդեմ դեպի Ճապոնիա: Պետք է բացահայտեմ ինձ համար այդ երկրի գաղտնիքներն ու գրավչանքները: Եվ այդ մտքից ոգևորված սկսեցի ավելի շատ ժամանակ տրամադրել ճապոնական զարմանահրաշ գաղտնիքների բացահայտման գործին:
Հիմա արդեն, երբ ավելի մոտ եմ գտնվում Ճապոնիային՝ սովորելով այդ երկրի լեզուն, հասկանում եմ, որ օրեցօր ավելի եմ սիրահարվում նրան: Չնայած որոշ դժվարությունների, օրինակ, բարդ, բայց չափազանց հետաքրքրական հիերոգլիֆների, միևնույն է, փորձում եմ ավելի խորն ուսումնասիրել և հմտանալ որպես մասնագետ: Հուսով եմ, որ կգա մի օր, որ իմ երազանքը կիրականանա : Այժմ վստահ կարող եմ ասել.
«Ես սիրում եմ քեզ, Ճապոնիա’:»
Pingback: Why the Japanese Language - JapanArmenia.com | JapanArmenia.com